Մխիթար Գոշ

Մխիթար Գոշի (Գոշ բառը նշանակում է սակավամազ) կենսագրական տվյալները հիմնականում պահպանվել են Կիրակոս Գանձակեցու մոտ։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։

Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն, հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ՝ 1213 թվականին, գիտնականները ենթադրում են, որ նա ծնվել 1120-30-ական թվականներին։ Կրթվել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը մեկնել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացել է Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են։ Այդ մասին վկայում է նաև Մխիթար Գոշը։

Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ՝ Խաչեն, այստեղից էլ՝ Հին Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում, կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նոր Գետիկի վանքը գտնվում է Այրարատ նահագնից հյուսիս-արևելք, այժմ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։

Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։

Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12 դդ պատմությունը։ Մխիթար Գոշը թողել է հսկայական ժառանգություն, «իմաստախոհ գրքեր ուսումնասերների օգտի համար»։ Միջնադարյան հայ մատենագրություններում Մխիթար Գոշի անվամբ հանդիպում են միջնադարյան հայ մատենագրության մեջ աղոթքներ, ճառեր, քարոզներ, մեկնաբանություններ, թղթեր, ժամանակագրություն և այլն։ Գոշի թողած հսկայական ժառանգության մեջ, սակայն առանձնանում են նրա «Առակների» ժողովածուն և «Դատաստանագիրքը»։

Մխիթար Գոշի գրչին պատկանող ստեղծագործությունները համեմված ժամանակի շունչով և նրա կողմից կատարված ահռելի աշխատանքի արդյունքում ծնվեց նրա հիրավի ամենից կարևոր աշխատությունը, որը հետագա սերունդների և իր ժամանակակիցների համար հիմք հանդիսացավ հայ իրավական մտքի զարգացման համար։ Մխիթար Գոշի աշխատություններում ամբողջապես արտացոլված է նրա վերաբերմունքը պետական իրավական համակարգի առկայության կարևորության մասին իր պատկերացումները։ Մխիթար Գոշը կարևորում էր հասարակական կյանքում հզոր և կենտրոնացված պետության առկայությունը։ Այս ամենին զուգահեռ Գոշը շատ լավ էր հասկանում սեփական սովորութային օրենքների և այլ օրենսդրությունների ներգրավվումը ժողովրդի հասարակական կյանքում, որի արդյունքում ձևավորվեց նրա առակների և օրենքների ժողովածուն։ Առակների միջոցով Գոշը ձգտում էր ժողովրդի մեջ տարածել բարոյականության և հասարակության մասին իր պատկերացումները, իսկ ահա նրա դատաստանագիրքը, ոչ միայն հայ, այլև աշխարհի շատ ժողովուրդների մոտ ընդունվեց որպես ժամանակի լավագույն օրենքների ժողովածու։ Գոշի դատաստանագիրքը ներառում է բազմաթիվ անխախտ օրենքների ժողովածուներ, սակայն ամենից կարևոր հանգամանքն այն է, որ Գոշի կատարած աշխատանքի արդյունքում հայոց իրավական միտքը ապրեց իր ծաղկուն ժամանակներից մեկը։ Գոշի դատաստանագիրքը գրելու ժամանակ (1184 թվականին Գոշը սկսեց դատաստանագիրքը) չկար հայոց անկախ պետականություն, անգամ իշխանությունները գտնվում էին սելջուկյան ամիրայությունների իշխանության ներքո։ Իրավագիտության պատմության մեջ սա այն եզակի դեպքերից է, երբ չունենալով պետականություն՝ որևէ հասարակության մեջ ստեղծվում է նմանատիպ օրենքների ժողովածու։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы